ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երեկ` օգոստոսի 31-ին, ժ. 21:40-ի սահմաններում, Երևանի Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել: 1 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 34-ամյա տղամարդ է, որն ունի բազմաբեկորային վնասվածքներ:
Նշենք, որ դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանը և բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Ասատրյանը:
Կրակոցներ Երևանում. ոստիկանները դեպքի վայրում պարկուճներ և արնանման հետքեր են հայտնաբերել