Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` ունենք ընդհանուր քաղաքական գործընթաց, որը դեռ շարունակվում է։ Իշխանությունը, նրա խոսքով, մինչև հիմա չի գործարկել հստակ քաղաքական ծրագիր, և խնդիրն ավելի շատ առնչվում է սահմանադրական փոփոխություններին, քան թե նախկին նախագահների ասուլիսներին կամ ԲՀԿ առաջնորդի ակտիվացման հեռանկարին։
«ՀՀ նախկին նախագահների նախաձեռնությունն իրենց քաղաքական կապիտալը պահպանելու փորձեր են, այլ ոչ թե քաղաքականություն վերադառնալու միտում, իսկ ԲՀԿ–ն իշխանության հետ առճակատումից հետո քաղաքական կապիտալի զգալի մասը կորցրեց և հիմա փորձում է վերականգնել կարգավիճակը, հետևաբար կարելի է ասել, որ լինելու է բուռն աշուն, սակայն հենց իշխանության վարքագծի պատճառով»,– նշում է քաղաքագետը։
Նորայր Դունամալյանի կարծիքով` ընդդիմությունը գործող իշխանությանը որևէ բան կարող է ստիպել միայն ինստիտուցիոնալ պայքարի միջոցով, իշխանությունն իր հերթին փորձում է իր դիմագիծը ներկայացնել տարբեր մարտավարություններ փոխելով։ Ըստ քաղաքագետի`ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը պետք է լցվի, և դա բնական գործընթաց է։
«Մեր քաղաքական համակարգն այդքան զարգացած չէ, որ հստակ ասենք, թե հիմնական գործընթացները կլինեն խորհրդարանում, թե դրսում, հետևաբար համակարգի փոփոխություններն ավելի շուտ կարող են բերել տարբեր անակնկալների, ճգնաժամեր կարող են լինել քաղաքական դաշտի տարբեր հատվածներում, իսկ ակտիվություն կարող է դրսևորվել ցանկացած սոցիալական խնդրի առնչությամբ»,– նշում է նա։
Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել
Դունամալյանի գնահատմամբ` ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի գործընթացը մեծապես կախված կլինի քաղաքական ուժերի վարքագծից ու կամքից։ Ըստ նրա` կար եռյակ ձևաչափ, որը գործում էր 2018 թվականից առաջ, սակայն արդյունավետ չէր, իսկ այսօր հակադիր բևեռն ավելի շատ փորձում է հարվածել իշխանության թույլ կետերին և նպատակային քննադատությամբ ձգտում է իջեցնել իշխանության վարկանիշը։ Եթե այն իջնի 50 տոկոսից ներքև,ապա միգուցե ընդդիմությանը հաջողվի միասնական ձևաչափ ստեղծել ու պայքարել ընդհանուր ճակատով։
Ըստ քաղաքագետի` այդուհանդերձ միասնության որևէ միտում չկա, մարտավարության գործիքները չեն փոխվում, ուստի հասարկությունը հայտնվել է պատային իրավիճակում։