Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Գեներալ-գնդապետը հանդիպումներ կունենա ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik.Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Նա ներկա է գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը»,– Facebook–ի իր էջում գրել է Ստեփանյանը:

Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք` Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի բացումը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։

«Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը, ինչպես նաև գալա-համերգ՝ հայկական էստրադայի աստղերի և ՀՀ ՊՆ երգի ու պարի համույթի մասնակցությամբ:

Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր, ամեն տարի` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարության խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան:

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ