Արցախի բարեփոխումները չեն վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից. Միրզոյան

Արարատ Միրզոյանը ԱՀ ԱԺ նախագահին հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր համազգային նպատակները` ի շահ երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արցախի իր գործընկերոջն ու ողջ արցախահայությանն Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Արցախում Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանապահ դիրքեր. տեսանյութ

«Անթաքույց հպարտությամբ եմ հետևում Արցախում տեղի ունեցող բարեփոխումների և զարգացման բուռն ընթացքին, ինչն անկասկած չի վրիպում նաև միջազգային հանրության ուշադրությունից»,–ասված է շնորհավորական ուղերձում:

Արարատ Միրզոյանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին հավաստիացրել է, որ համատեղ ջանքերի և անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր համազգային նպատակներն ու ծրագրերը` արձանագրելով մեծ ձեռքբերումներ ու նվաճումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում` ի շահ մեր երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի միասնականության:

«Մենք մեր խոնարհումն ենք բերում Արցախի 29-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած մեր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն և հավերժորեն են փորագրել պատմության մեջ»,–ասել է Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են Արցախում. տեսանյութ

Նա Արցախի ԱԺ նախագահին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ գեղատեսիլ Արցախին` խաղաղություն և բարգավաճում: