ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Միրզոյանն Արցախ է մեկնել աշխատանքային այցով։ Հարությունյանի հետ հանդիպմանը նա ասել է, որ տարիներ առաջ արցախահայությունը համայն հայության աջակցությամբ և մարդկային մեծ կորուստների գնով կարողացել է իրացնել անկախ ապրելու իր իրավունքը ու ստեղծել պետականություն։ ԱԺ խոսնակը ևս մեկ անգամ հաստատել է, որ Արցախի գոյության և զարգացման համար ՀՀ իշխանությունները ստանձնել են մեծագույն պատասխանատվություն:
Հարությունյանը նշել է, որ չնայած համավարակի պատճառով չեղարկվել են տոնական բոլոր միջոցառումները, սեպտեմբերի երկուսը այնուամենայնիվ համահայկական տոն է։
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն ունի ներքին և արտաքին քաղաքական կարևոր նշանակություն: