Միայն Այգեպարում հուլիսին տեղի ունեցած հրետակոծություններից 28 տուն և մեկ մանկապարտեզ է տուժել։ Սակայն միայն գնդակների բացած անցքերը չէ որ «լցնում» են։ Նորոգման աշխատանքներն այս անգամ ամբողջական բնույթ են կրում։
Զուր չէ, որ վերջին օրերին գյուղում արտասովոր աշխուժություն է տիրում. ամենուր շինանյութերով լի բեռնատարներ են, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում։
Ամենաշատ տուժած երկու փողոցներում միաժամանակ փոխարինում են բոլոր տների տանիքները՝ անկախ նրանից վնասվել են դրանք, թե ոչ։ Նոր տանիքները գյուղի համար արտասովոր կարմիր գույն ունեն։
Վաղուց կամ ընդհանրապես նման աշխատանքներ չտեսած գյուղի բնակիչները, իհարկե, գոհ են. վերանորոգումն իրականացվում է պետության կողմից։ «Կարմիրտանիքավոր» փողոցներից մեկի բնակիչ Մարինե Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ իրենց փողոցն անվանում են «Սիրահարների փողոց» ամուսնու` Օնիկի պատվին։
Ինքը` Օնիկը, սկզբում չի համաձայնվում լուսանկարվել։ Այնուհետև պատմում է, որ միայն տուժած տների տանիքներն ու պատուհանները չէ, որ նորոգում են։ Ասում է՝ անձամբ վարչապետի կարգադրությունն է, որ բոլոր տանիքները մի գույնի լինեն։
12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից
«Հարևան երկու տներում տանիքները վերանորոգել են, բայց սպիտակ թիթեղներ են դրել։ Վարչապետը կարգադրեց բոլորը փոխել»,– նշում է Օնիկը։
Ինքն էլ ակտիվորեն ներգրավված է շինաշխատանքներում(մալյար է), օգնում է շինարարներին։
Վերականգնվում է նաև այն տունը, որտեղ արկն ընկել ու վնասել էր տանիքն ու հյուրասենյակի առաստաղը։ Տան լուսանկարն արագ տարածվեց սոցցանցերում։ Տանտերը, որը պայմանագրային զինծառայող է, ևս ակտիվ մասնակցում է շինարարական աշխատանքներին։
Մեկ այլ լուսանկարի (Sputnik Արմենիայի լուսանկարիչ` Արամ Ներսեսյան) հերոսներ` Լիդա և Արամ Վարդազարյանները, որոնք շատ արագ դարձան սոցցանցերի սիրելիները, նույնպես նոր տանիք ունեն։
Կինն նշում է, որ փոխել են նաև իրենց կոտրած պատուհանները։ Մնացել են միայն ճաքած պատերն ու սալիկները, որոնք բաղնիքից դուրս են թռել պայթյունի ալիքի պատճառով։ Պոկվել է նաև գազի ջրատաքացուցիչը, ստիպված այն հյուրասենյակում են տեղադրել։
Լիդա Վարդազարյանը 38 հազար դրամ թոշակ է ստանում, Արամը` 50 հազար, սեփական ուժերով այդ վերանորոգումն իրականացնելն անհնար կլիներ։
Կինը առավել քան երբևէ գոհ է իշխանությունների օգնությունից և գործողություններից։
Վերջին անգամ նրանց օգնել են մի քանի տարի առաջ։ Մի քիչ տուֆ էին տվել, որպեսզի տան նկուղային մասում փոքր ապաստարան կառուցեն։ Պատը ստիպված եղան շարել սեփական ուժերով։