Քարտային վճարում, GPS, ցուցատախտակ. Երևանի քաղաքապետարանը նոր մինի ավտոբուսներ է գնում

Գնման մրցույթն արդեն ավարտվել է։ Գնահատող հանձնաժողովն առաջիկայում կհայտարարի մրցույթում հաղթող ճանաչված մատակարար ընկերությանը, ինչին կհետևի արդեն ավտոբուսների մատակարարման գործընթացը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը գնման գործընթացով պատվիրել է փոքր տարողությամբ 100 ավտոբուս։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Սայլը չկա, որ տեղից շարժող լինի. Եղիազարյանը` տրանսպորտային նոր ցանցի ներդրման մասին

Նա նշում է` մրցույթի պայմաններով նախատեսվում է, որ ավտոբուսները պետք է ունենան ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ, հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ։

Ավտոբուսների մրցույթը վերջապես հայտարարվեց. Հայկ Մարության

Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, և մոտ օրերս գնահատող հանձնաժողովը կհայտարարի մրցույթում հաղթող ճանաչված մատակարար ընկերությանը, որին կհետեւի արդեն ավտոբուսների մատակարարման գործընթացը:

«Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել»,– հայտնում է քաղաքապետի խոսնակը։

Նա նաև նշում է, որ փոքր ավտոբուսների ձեռքբերումը չի նշանակում, թե քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Առաջիկայում կհայտարարվի նաև 12 մետրանոց ավտոբուսների գնման նոր մրցույթ։

Ի՞նչ եղան խոստացած 100 ավտոբուսները. պատասխանում է քաղաքապետը