Վլադիմիր Պուտինը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը ՀՀ երկրորդ նախագահին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։ Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր քաղաքական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։ Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ավանդը երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի ամրապնդման գործում»,– գրված է նամակում։

Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, բարօրություն և ոգու տոկունություն։ ՌԴ նախագահը նամակ հղելուց հետո զանգել է ՀՀ երկրորդ նախագահին։

Քոչարյանն այսօր դառնում է 66 տարեկան։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ քրեական հետապնդում է սկսվել 2018-ի իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և քաղաքական հետապնդում։