ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Լատվիան արգելել է Բելառուսի 30 քաղաքացիների մուտքը երկիր։ Նրանց թվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ մասին, ինչպես փոխանցում է Sputnik Բելառուսը, այսօր հայտնել Է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը Twitter-ի իր միկրոբլոգում։
«Լատվիան արգելում է Բելառուսի քաղաքացիների մուտքը, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Նրանք պատասխանատվություն են կրում Բելառուսի նախագահական ընտրություններում մեքենայությունների և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման համար: Մենք աջակցում ենք անկախ և ժողովրդավարական Բելառուսին և նրա քաղաքացիներին»,-գրել է նա։
Հայտնի է, որ պատժամիջոցները տարածվում են Բելառուսի նախագահի վարչակազմի և աշխատանքային վարչության աշխատակիցների վրա։
Sputnik Բելառուսը հայտնում է, որ երկուշաբթի օրը սահմանափակումների մասին է հայտարարել նաև Էստոնիան։ Լատվիայի իշխանության սահմանած պատժամիջոցները տարածվում են Բելառուսի 30 քաղաքացիների վրա, ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրանց մուտքը երկիր արգելված է 5 տարի ժամկետով։ Նույն ցուցակն է գործելու նաև Լիտվայում։ Ենթադրվում է, որ ավելի ուշ այն կարող է լրացվել։
Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ից Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները համաձայն չեն երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հետ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%–ով։ Տիխանովսկայան այժմ Լիտվայում է։
«Կյանքում առաջին անգամ ծնկի եմ գալիս ձեր առջև»․ Լուկաշենկոն դիմել է աջակիցներին․ տեսանյութ