Ինչո՞ւ են բարձրացել ԵՊՀ–ի ուսման վարձերը. «անակնկալ» կորոնավիրուսային իրավիճակում

ԵՊՀ–ի ուսման վարձերն այս տարի զգալի բարձրացել են։ Իսկ թե ինչքանո՞վ է նման փոփոխությունը հիմնավոր, ի՞նչ ազդեցություն կթողնի ուսանողների վրա, Sputnik Արմենիան պարզել է բուհի ռեկտորի ժամանակատարից, ուսխորհրդի նախագահից ու կրթության փորձագետից։
Sputnik

Երևանի պետական համալսարանում ուսման վարձերը թանկացել են։ Կան մի շարք ֆակուլտետներ, որտեղ, ի տարբերություն նախորդ տարվա, ուսման վարձերը զգալի են թանկացել, օրինակ` «Տեղեկատվական անվտանգություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետների ուսման վարձերը 160 000 դրամով են բարձրացել։ Այժմ երկու ֆակուլտետների ուսման վարձն էլ 700 000 դրամ է` նախկին 540 000-ի փոխարեն։

Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա

Քիչ չէ այն ֆակուլտետների թիվը, որտեղ ուսման վարձի բարձրացումը 100 000 և ավելի է կազմել . «Միջազգային հարաբերություններ», «Հանրային կառավարում», «Իրավագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ» ֆակուլտետներում ուսման վարձը թանկացել է 130 000 դրամով։ Բացի «Իրավագիտությունից», որի վարձն այժմ 1 մլն դրամ է, մյուս վերոհիշյալ բաժինների վարձը 780 000 դրամ է դարձել։ Ֆակուլտետների մեծ մասում ուսման վարձը 70 000-ական դրամով է բարձրացել («Լրագրություն», «Հայոց լեզու և գրականություն» և այլն)։

Մշուշոտ ապագա․ ինչ է սպասում հայագիտությանը և ինչու է պետությունն անտեսում գիտնականներին

Sputnik Արմենիան ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ է ուսման վարձը թանկացել այս` կորոնավիրուսային պայմաններում, երբ մարդիկ առանց այն էլ սոցիալական լավ վիճակում չեն։ Ի պատասխան Գևորգյանն առաջարկեց, որ հիմնավորում պահանջողները տան ուսման վարձերի չափի իրենց տարբերակը, քանի որ բուհն ինչ հիմնավորում էլ ներկայացնի, հակափաստարկներ կասեն։

«Ամենալուրջ հիմնավորումն այն է, որ մեր առաջարկված գներով` 3600-3700 դիմորդ է դիմել ԵՊՀ–ում սովորելու համար, որոնցից 2500–ին հաջողվել է դառնալ մայր բուհի ուսանող։ Ցանկացած վճարում երկկողմանի համաձայնագիր է` մեկն առաջարկում է, մյուսը` համաձայնում կամ չի համաձայնում։ Մենք առաջարկել ենք, ուսանողները համաձայնել են. աղմուկն ինչի՞ մասին է»,–ասաց Գևորգյանը։

Դպրոցները պատրա՞ստ են նոր կանոններին. անպատասխան հարցեր կան

Նրա խոսքով` այն, որ առաջարկված գներով այդքան մարդ է դիմել մայր բուհ ընդունվելու, ապացուցում է, որ գները ճիշտ են որոշված։ Բացի այդ, ըստ Գևորգյանի, ԵՊՀ–ն որևէ մասնագիտության գծով մենաշնորհ չունի, և ուսանողները կարող են դիմել այլ բուհեր։ Ավելին, նա վստահեցրեց` ԵՊՀ–ի վարձերի չափը հայաստանյան բուհերի մեջ ամենաբարձրը չեն, սակայն չգիտես ինչու բոլորի ուշադրությունը ԵՊՀ–ի վրա է։

Հարցին, թե ուսման վարձի թանկացման արդյունքում դասախոսների աշխատավարձե՞րն էլ կբարձրանան, Գևորգյանը նշեց` անպայման։ Նա ասաց` երբ որևէ տեղ աշխատավարձերը բարձր են լինում, առաջանում է աշխատուժի առաջարկ, և ընտրության հնարավորությունը մեծանում է։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի խոսքով` բուհի լավագույն դասախոսներն աշխատում են կես կամ քառորդ դրույքով` փորձելով այլ տեղում աշխատելով ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ավելացրեց` տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ համալսարանական կրթության գինը չի համապատասխանում առաջարկվող ծառայությանը։ «Մենք սպառում ենք տարիներով ստեղծված բարիքը` կադրային ներուժը։ Բուհում կադրերի թարմացում չի լինում, քանի որ աշխատավարձերը հրապուրիչ չեն հեռանկարային երիտասարդների համար։ Իմ կարծիքով` սա դեռ վերջը չէ, դեռ էլի պետք է բարձրացվեն ուսման վարձերը»,–ասաց Գևորգյանը։

Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նույնպես կարծում է, որ ուսման վարձերի բարձրացումն արդարացված է, բայց ոչ այս` կորոնավիրուսային ժամանակահատվածում։ Նրա խոսքով` սեպտեմբերի առաջին կեսերին, երբ ուսանողները դասի հաճախեն, դժգոհություններ կառաջանան այս խնդրի առնչությամբ։

«Կրթության որակի, լավ մասնագետներ ունենալու համար բուհը պետք է բարձր վարձատրի իր աշխատակիցներին։ Ուստի կարծում եմ` ուսման վարձերի բարձրացումն արդարացված է, քանի որ մեր դասախոսների մեծամասնությունը գումարի համար չէ, որ դասավանդում է մեզ մոտ։ Սակայն ճիշտ հակառակն էլ պետք է լինի»,–ասաց Ափոյանը։

Նրա խոսքով` այս փուլում դա ամենաճիշտ լուծումը չէր, քանի որ հատկապես մարզերից եկող ուսանողների համար սա մեծ բեռ կարող է դառնալ։ Այդ ուսանողները Երևանում տուն են վարձակալում, կեցության ծախսերը հոգում և դեռ մի բան էլ պետք է ուսման վարձ վճարեն։ Ափոյանն ասում է` բուհը պետք է օր առաջ մտածի այս խնդրի մասին և այլ լուծումներ առաջարկի։

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ կարծում է, որ հատկապես այս շրջանում բուհերը պետք է ձեռնպահ մնան ուսման վարձերում փոփոխություններ կատարելու հարցում։ Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունն ավելի մեծ է սոցիալական միջին խավի ընտանիքների երեխաների շրջանում, և վարձավճարները բարձրացնելով` երկրորդ վնասն են պատճառում առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվողներին։

«ԵՊՀ վարձերը, մյուս բուհերի համեմատ, այնպես չէ, որ ցածր են։ Կարելի էր նման քայլի չգնալ։ Օրինակ` Ռուսաստանում պետբյուջեից հատկացումներ եղան այն ֆակուլտետներին ու բուհերին, որտեղ հնարավոր չէր ցածր ուսման վարձով որակյալ կրթություն կազմակերպել։ Նման լուծում կարելի էր նաև Հայաստանում կիրառել»,–Sputnik Արմենիային ասաց Մխիթարյանը։

Նրա կարծիքով` ճիշտ կլինի վերանայել որոշումները, կամ էլ բուհը պետք է դիմի կառավարությանը` հիմնավորում ներկայացնելով, որ վարձավճարների թանկացման անհրաժեշտություն կա, իսկ կառավարությունն էլ փորձի ֆինանսավորել բուհին։

Հիշեցնենք, որ բուհերում դասերը կանցկացվեն հիբրիդային եղանակով՝ հեռավար և առկա ուսուցման համադրությամբ: Սեպտեմբերի 1-ին դասերը կսկսվի միայն բակալավրի առաջին կուրսեցիների համար, մնացածները բուհ կհաճախեն սեպտեմբերի 15-ից: