ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
Նշենք, որ նրանք այս պահին ձերբակալված են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով`միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։
«Արարատը» և «Փյունիկը» Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել:
«Էդգարը «Արարատի» ֆուտբոլիստ է: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի հետևանքով տեղի ունեցածի մասին թյուր կարծիք է ստեղծվել հասարակության մոտ: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը: «Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է «Արարատի» պաշտոնական հայտարարության մեջ:
Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։
«Փյունիկ» ՖԱ–ն էլ իր հերթին տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցել է «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։
«Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին, իսկ ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։
Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ՀՖՖ–ի կարգապահական կոմիտեն դեռևս չի հասցրել նիստ գումարել, որտեղ կորոշվի, թե քանի խաղ բաց կթողեն Մալաքյան եղբայրները որպես կարգապահական տույժ։