Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. ՃՈ–ն հիշեցնում է վարորդական իրավունքից զրկվելու մասին

Մեքենաների վրա առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ հայտնաբերվելու դեպքում սարքն առգրավվում է, իսկ վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում վարորդական իրավունքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ արգելվում է ձայնային ազդանշան անհիմն արձակելը, և հիշեցնում, որ այն համարվում է իրավախախտում։

«ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ սահմանված է, որ ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելիս, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար: Մյուս բոլոր դեպքերում անհիմն ձայնային ազդանշան տալն առաջացնում է վարչաիրավական հետևանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունից ընդգծում են, որ մտահոգիչ է մեքենաների վրա առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը։

Նման սարքավորումներ տեղադրվում են հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա՝ ըստ ծառայողական անհրաժեշտության օգտագործելու համար։

Հնարավոր է` ՀՀ–ում ճանապարհները վճարովի դառնան բեռնատարների համար

Հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով Ճանապարհային ոստիկանության ծառայողներն իրականացնում են հատուկ միջոցառումներ, որոնց արդյունքներին պարբերաբար անդրադառնում են՝ հորդորելով քաղաքացիներին նման սարքավորումներով մեքենաներ տեսնելու դեպքում դիմել ոստիկանություն։

Ոստիկանությունից հիշեցնում են, որ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ հայտնաբերվելու դեպքում սարքավորումն առգրավվում է, իսկ վարորդը մեկ տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից։

Մահաբեր «Գազելները» կփոխարինվե՞ն. քաղաքապետարանում պատասխանել են Խաժակյանի մեղադրանքներին