Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը

Հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումից հետո։ Այս անգամ վանդալներն իրենց սև գործն արել են աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օգտատեր Անժելա Կժդրյանը։

«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին... Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են՝ «Կեղծիք է»», - գրել է նա՝ տեղադրելով լուսանկար:

Նշենք, որ հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի նման աղաղակող դեպքերը հաճախակի են դարձել հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո։

1983թ. - ին Փարիզի հայ համայնքը դիմեց քաղաքապետարան ՝ խնդրելով Հայոց ցեղասպանության զոհերի և հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել:

Բրոնզով պատրաստված չորսմետրանոց արձանը տեղադրված է 2 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի կառուցման աշխատանքները սկսվել են 2002 թվականի հունվարին և ավարտվել 2003 թվականի ապրիլի 22-ին:

Հուշարձանի վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի»: