Տեսնես՝ էլ որ երկրում է նախարարը համավարակի օրերին արձակուրդ գնացել. Մարուքյանը շփոթված է

ԼՀԿ-ի առաջնորդը վստահ է, որ ԱԺ-ում արտակարգ դրության օրերին պարետատան աշխատանքի արդյունավետությունը գնահատող հանձնաժողովի ստեղծումը կարևոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին փոքր-ինչ շփոթեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելու լուրը։ Իր մտահոգությունների մասին նա գրառում է կատարել Facebook-ի պաշտոնական էջում։

«Տեսնես աշխարհի էլ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ: Այսինքն` արձանագրել 1044 մահ, դեռևս չհաղթահարել համավարակը ու գնալ արձակուրդ... »,- գրել է Մարուքյանն ու կոչ արել մարդկանց դադարեցնել այն զրույցները, թե Աժ Քննիչ հանձնաժողովի ստեղծումը ժամանակավրեպ է...

Նշենք, որ գրառմանը կից Մարուքյանը տեղադրել է  Instagram-ի` Արսեն Թորոսյանի էջի լուսանկարը, որում նախարարի թիկունքում երևում է Արագած լեռը։ Թորոսյանը հրապարակել էր լուսանկարն ու գրել, որ պատրաստվում է բարձրանալ Արագածի հարավային գագաթը։

Ավելի վաղ Մարուքյանը հայտնել էր, որ խորհրդարանական ընդդիմությունը («Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները) դիմել է ԱԺ նախագահին ՝ առաջարկելով ձեւավորել խորհրդարանական հանձնաժողով, որը կուսումնասիրի պարետատան աշխատանքի արդյունավետությունը, մարդու իրավունքների խախտումները արտակարգ դրության ժամանակ եւ կստուգի վարակի տարածումը կանխելու կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը:

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 19 օր արձակուրդում կլինի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ։