Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա

Դպրոցների համար նախատեսված վերջին ուղեցույցում կա մի կետ, որը կարծես մի փոքր անուշադրության է մատնվել։ Խնդիրն այն է, որ ոչ բոլոր աշակերտներն են դպրոց հաճախելու 6-օրյա գրաֆիկով։ Մասնագետներն ու ծնողները դժգոհ են որոշումից։
Sputnik

Սեպտեմբերի 15-ից դպրոցում դասերը սկսելու գրաֆիկով աշակերտների միջև շատ անարդար վիճակ է լինելու, և պայմանները հավասար չեն լինելու բոլորի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Հարցն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության` օրերս հրապարակած ուղեցույցում նշված է` դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը։ Եթե աշակերտների թիվը 20–ից ավել է, ապա դասարանները բաժանվում են 2 խմբի։

«Շատ անարդար վիճակ է ստեղծվում։ Որդուս դասարանում շուրջ 30 աշակերտ է սովորում, և նրանց հայտարարել են, որ շաբաթական երեք օր են հաճախելու դասի, այդ թվում` շաբաթ օրը։ Այսինքն` հարևան դասարանում, որտեղ աշակերտների թիվը 20–ից քիչ է, 6–օրյա գրաֆիկով են դասի հաճախելու, իսկ որդուս դասարանի աշակերտները` միայն երեք օր»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` այս փոփոխությունն էական ազդեցություն կունենա ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների վրա, և կտուժի կրթության որակը։ Կրթության փորձագետը նշում է` չգիտի, թե նման որոշում կայացնելուց ինչքան խորն են մտածել, սակայն ստացվում է` կրկնակի տարբերություն աշակերտների գրաֆիկի միջև։

«Ձեռք ձեռքի և ուս ուսի տալ չենք կարող». նախարարը համապետական ծնողական ժողով անցկացրեց

Կրթության փորձագետից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ են աշակերտները 6 օր դասի հաճախում, եթե որոշներին նույն գիտելիքը խոստանում են փոխանցել 3-օրյա գրաֆիկով դասի հաճախելիս։ Ի պատասխան Մխիթարյանը նշեց, որ ավելի լավ կլիներ` բոլորը վեց օր հաճախեն դասի, ու կրթական պրոցեսը նորմալ կկազմակերպվեր։ Նա վստահ է` 3 օր դասի հաճախող աշակերտը չի ստանալու այն գիտելիքը, ինչ 6 օր դասի հաճախողը։

Իսկ թե ինչ լուծում կարող է լինել այս դեպքում, Մխիթարյանն այդ հարցի պատասխանը նույնպես ունի։ «Ուսուցիչների մեծամասնությունը պատրաստ է ծանրաբեռնվածությունը մեծացնել, միայն թե դասերը կարողանան որակով անցկացնել։ Պետք է երկու հերթ սարքեն, և բոլոր աշակերտներն էլ վեց օր հաճախեն դասի։ Այս դեպքում միայն ուսուցիչների վարձատրությունն ավելացնելու անհրաժեշտություն կա. առանց այն էլ նրանք ծանրաբեռնված են աշխատում»,–ասաց Մխիթարյանը։

Փորձագետի խոսքով` ամեն ոլորտ չէ, որ պետք է տուժի կորոնավիրուսի պատճառով, առավել ևս` կրթության ոլորտը։ Ավելին, 3-օրյա գրաֆիկով դասի հաճախելն անթույլատրելի է համարում, մասնավորապես, որ նախորդ կիսամյակ էլ դասապրոցեսը նորմալ չի կազմակերպվել հեռավար դասերի անցնելու հետևանքով։ Կրթության փորձագետը նշում է` եթե կրթության որակի առումով այս կիսամյակն էլ կորչի, ապա լուրջ բաց կառաջանա աշակերտների մոտ։

Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Նշված փոփոխությունը լուրջ մտահոգություն է առաջացրել նաև ծնողների մոտ. Արմինե Ավետյանը, որի տղան սովորում է երևանյան դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, նշում է, որ խնդիրը լուծելու փոխարեն ավելի է խճճվել ամեն ինչ։

«Տղայիս դասարանում 20-ից ավել է աշակերտների թիվը, և նրանց ասել են, որ շաբաթական երեք օր պետք է հաճախեն դասի։ Ավելին, ասել են, որ դասաժամերի քանակը չի էլ ավելանալու։ Այսինքն` դպրոցի ամբողջ հույսը ծնո՞ղն է։ Ինչպե՞ս են պատկերացնում, որ ես պետք է 9-րդ դասարանում սովորող տղայիս համոզեմ նստել և հավելյալ դաս անել այն դեպքում, երբ այդ տարիքում եղածն էլ այդքան հաճույքով չեն անում»,–ասաց Ավետյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ հեռավար կրթության նման է լինելու` աշակերտները շատ բան չեն սովորելու, իսկ կիսամյակի վերջում նրանց ներողամտորեն են վերաբերվելու։ Այս դեպքում, իհարկե, հարց է, թե ինչքանով են շահում աշակերտն ու կրթության որակը։ Ավետյանն ասում է, թե ստացվում է` ամեն ինչ թողնում են ծնողի վրա։

Նոր կանոններ ՀՀ դպրոցներում

Հիշեցնենք, որ այս տարի դպրոցներում դասերը կսկսվեն ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ 15-ին։ Նախարարության հրապարակած ուղեցույցով սահմանվում է, որ դպրոցները կաշխատեն 6-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Դասերը կարող են անցկացվել դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Բացի այդ, դասամիջոցների ընթացքում սովորողները չպետք է լքեն դասասենյակը. բուֆետները չեն գործելու։ Գրատախտակի մոտ գնալ նույնպես չի թույլատրվելու։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա բարձր ռիսկային խմբի ուսուցիչները կարող են չներկայանալ աշխատանքի։ Ուղեցույցում սահմանված չափորոշիչները մեծ աղմուկ են բարձրացրել. մասնագետներն ու ծնողները քննադատում են դրանք` ասելով, որ նման պայմաններում դասապրոցեսն իրականացնելն անհնար է։

Դպրոցները պատրա՞ստ են նոր կանոններին. անպատասխան հարցեր կան