Քոբայրի տարածքում չի կարելի քեֆ կազմակերպել. համացանցում հրապարակված լուսանկարի արձագանքը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը հորդորում է հարգել մեր պատմությունը, որի մասնիկն են նաև եկեղեցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը հայտնում է, որ համացանցում մի լուսանկար է տեղադրվել, որում մի քանի հոգի «սեղան են գցել ու հաց են ուտում» Քոբայր վանական համալիրի տարածքում։

«Հերթական անգամ ստիպված ենք հայտարարել, որ անթույլատրելի է հուշարձանի նկատմամբ նման վերաբերմունքը, չի կարելի հուշարձանի տարածքում «քեֆ-ուրախություն» կազմակերպել։ Հարգելի հայրենակիցներ, մեր մշակութային ժառանգության ամեն բեկորը, քարը, խոնարհված եկեղեցին, խաչքարը մեր պատմության մի մասնիկն է։ Հարգենք մեր պատմությունը, գնահատենք այն, ինչ մեզ է հասել դարերից ու անխաթար փոխանցենք հետագա սերունդներին»,– գրված է ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում։

Կազմակերպությունը նշում է, որ Լոռու մարզային ծառայության պահապանը այսօր եղել է հուշարձանի տարածքում և մաքրման աշխատանքներ իրականացրել։

Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը

Քոբայր վանական համալիրը գտնվում է Դեբեդի ժայռեղեն կիրճի բարձրադիր դարավանդի վրա: Թեք և անսովոր տեղանքի շնորհիվ վանական համալիրը ձեռք է բերել անառիկ դիրք: Սրբավայրի կառույցներն ունեն իրենց ճարտարապետական ուրույն ոճը` հարմարեցված բնական բարդ տեղանքին: Մասամբ պահպանվել են համալիրի երեք եկեղեցիները, զանգակատուն-տապանատունը, սեղանատունը, մատուռների, խաչքարերի և բերդապարսպի մնացորդները:

Արի զբոսնենք Հայաստանով. Հորբատեղ` բնական գեյզեր, թոնրի լավաշ, պանիր և խենթացնող բնություն

Կառույցների պատերը հիմնականում սրբատաշ են, տեղ-տեղ կան նաև բազալտե խոշոր կիսամշակ քարերի, որոնք միմյանց հետ կապակցված են ամրակուռ կրաշաղախով:

Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

Գլխավոր եկեղեցու հիմքում առկա է կիկլոպյան կառույցներին հատուկ շարվածք, վերին շերտում այն վերածվում է մի մեծ հարթակի, որի վրա կառուցված է համալիրի գլխավոր կառույցը Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին աչքի է ընկնում իր շքեղությամբ ու ինքնատիպ որմնանկարներով, որոնք վերանորոգվել ու նկարազարդվել են ավելի ուշ շրջանում: 

Քոբերում են ամփոփված Զաքարյանների տոհմի Զաքարեի որդի Շահնշահի, Գեորգիի, «Մխարգրձելի» (երկայնաբազուկ) և հոգևոր ու աշխարհիկ այլ նշանավոր գործիչների շիրիմները:

Արի զբոսնենք Հայաստանով. ինչեր են թաքնված Հովքի անանուն լճի հատակում