ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում է ունեցել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Փաշինյանը` հրապարակելով հանդիպման տեսանյութը։
«Ցավոք ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների։ Սակայն մյուս կողմից մեր մարտավարությունն ու փոխգործակցության ռազմավարությունը չի փոփոխվում, քանի որ այդ սադրանքները մեզ համար կանխատեսելի են»,–ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով` ՀայաստաննԱրցախի հետ մեծ օրակարգ ունի` սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից մինչև Արցախի տնտեսության ու էներգետիկ ոլորտի զարգացում։
Արցախի նախագահն էլ իր հերթին խոսել է սպասվող ու կատարվող աշխատանքների մասին։ Նրա խոսքով` տնտեսության զարգացման համար սննդի վերամշակման ոլորտը լինելու է ամենագլխավոր ուղղություններից մեկը։
Հիշեցնենք, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։