Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Իզուր չէ, որ նուռն անվանում են «աստվածների սնունդ»։ Այս հրաշք միրգը ոչ միայն ամրացնում է առողջությունը, այլև կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի այն չարաշահել։
Sputnik

Նուռը ոչ միայն գեղեցիկ միրգ է՝ անհավանական համեղ հատիկներով, այլև մարդու օրգանիզմին անհրաժեշտ մի շարք օգտակար նյութերով հարուստ սննդամթերք։

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ մեկ նուռը պարունակում է մարդուն մեկ օրում անհրաժեշտ վիտամինների մոտ 40 տոկոսը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Նռան հատիկները մեծ քանակությամբ պարունակում են հիմնականում վիտամին С, Р, B6 և В12։ Վիտամին C-ն, ինչպես հայտնի է, ամրացնում է դիմադրողականությունը։ Վիտամին Р-ն դրական ազդեցություն ունի արյունատար անոթների վրա։ B6-ն ամրացնում է նյարդային համակարգը, իսկ B12-ը նպաստում արյան վերականգնմանը։

Այս պտղի մեջ բարձր է նաև միկրոէլեմենտների խտությունը։ Նուռը պարունակում է կալցիում, մագնիում, կալիում, մանգան, ֆոսֆոր, յոդ, երկաթ, նատրիում։

Նռան հյութը հարուստ է բուսական թթուներով՝ լիմոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, թրթնջկաթթու, սաթի թթու։ Դրանց շնորհիվ այն գրգռում է ախորժակը և ստամոքսի ցածր թթվայնության դեպքում օգնում նյութափոխանակությանը։

Սիրտ և անոթներ

Նուռը հատկապես օգտակար է սրտանոթային հիվանդությունների դեպքում։ Կարգավորում է զարկերակային ճնշումը, նպաստում հեմոգլոբինի և էրիթրոցիտների ակտիվ սինթեզին։ Այդ պատճառով նռան հյութը հաճախ են նշանակում անեմիայի, ցածր հեմոգլոբինի դեպքում, ինչպես նաև հիվանդություններից և վիրահատություններից հետո վերականգնման շրջանում ընդհանուր թուլության համար։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Տարեցների համար հոյակապ պրոֆիլակտիկ միջոց է սրտի և անոթների հիվանդությունների դեմ։ Բացի այդ, նուռն իջեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, ուստի ցուցված է շաքարային դիաբետ ունեցողներին։

Նուռն օժտված է երիտասարդացնող և հակաբորբոքային հատկությամբ

Ապացուցված է, որ նռան մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան կանաչ թեյի։ Հիշեցնենք, որ հենց հակաօքսիդանտներն են պայքարում ազատ ռադիկալների դեմ՝ այդպիսով դանդաղեցնելով օրգանիզմի ծերացումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Իսկ հակաբորբոքային ազդեցության շնորհիվ նուռն օգնում է երիկամների, թոքերի և լյարդի տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում։

Իսկ հակացուցումներ կա՞ն

Եթե բացառենք անհատական անհանդուրժողականությունը, ապա կարելի է ասել, որ նռան հատիկներն անգամ մեծ քանակության դեպքում առանձնապես վնասակար չեն։ Չնայած չի կարելի մոռանալ՝ առհասարակ չարժե որևէ բան չարաշահել։

Իսկ այ նռան թարմ քամած, թանձր հյութը պետք է խմել քիչ-քիչ և զգուշորեն։ Բանն այն է, որ հյութը շատ բարձր թթվայնություն ունի և կարող է գրգռել լորձաթաղանթները, ուստի խորհուրդ է տրվում այն նոսրացնել ջրով, հատկապես եթե այն նախատեսվում է տալ երեխաներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում

Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդության և բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի դեպքում։

Բժիշկները խորհուրդ են տալիս նռան հյութն օգտագործելուց հետո ողողել բերանը, քանի որ այն քայքայում է ատամների էմալը։

Ժողովրդական բժշկության մեջ ընդունված է թուրմեր սարքել նռան կեղևից, սակայն դրանցով տարվել չի կարելի, քանի որ այդ պտղի կեղևը պարունակում է թունավոր ալկալոիդներ (բնական ծագման, ազոտ պարունակող օրգանական միացություններ)։