ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ը հայտարարել է, որ Seawolf սուզանավը հասել է նորվեգական Տրոմսեի ափերին, այդպիսով «ազդանշան ուղարկելով Ռուսաստանին», գրում է The Drive-ը։
Ինչպես նշում է պարբերականը, տեղեկությունների նման բացահայտումը հատուկ չէ գաղտնի սուզանավերի համար օգտագործվող մարտավարությանը։ Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ Միացյալ Նահանգներն այդկերպ որոշակի ազդանշան են ուղարկում ռուսական իշխանություններին։
Ընդ որում, արտասահմանցի վերլուծաբանները նշում են, որ Նորվեգիայի հենց այդ քաղաքի ընտրությունը պատահական չէ, քանի որ այն տեղակայված է ռուսական սուզանավերի շարժի հայտնի երթուղիներից մեկի մոտակայքում։
Բացի այդ, Տրոմսե են ուղարկվել ամերիկյան վեց B-52H ռմբակոծիչներ, որոնք ունակ են միջուկային ռումբ տեղափոխել։ Հեղինակն ամերիկյան զինվորական հրամանատարության այս քայլը գնահատել է իբրև «անմիջապես Մոսկվային ուղղված ազդանշան»։
Հարվածներ ԴԱԻՇ–ին «Դոնի Ռոստով» սուզանավից. Շոյգուի զեկույցն ու հրթիռների արձակման կադրերը
ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Բատյուկը Ռադիո Sputnik-ի եթերում կարծիք հայտնեց, որ խոսքն Արկտիկայի համար մղվող պայքարի մասին է։
«Մեծ տերությունների միջև Արկտիկայի համար պայքար է ընթանում․ գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկայի սառույցները հալվում են, և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի շելֆի հանքային ռեսուրսներն ավելի հասանելի են դառնում։
Բացի այդ, առավել հասանելի են դառնում ծովային ճանապարհները, այդ թվում՝ Հյուսիսային ծովային ուղին։ Ըստ ՌԴ ծովային ռազմավարության՝ այն պետք է Ռուսաստանի վերահսկողության տակ լինի, բայց ամերիկացիները կտրականապես դեմ են։
Բացի այդ, այստեղ բախվում են առաջատար տերությունների անվտանգության շահերը։ Բավական է ասել, որ Արկտիկայով են անցնում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքի ամենակարճ ճանապարհները, նույնը վերաբերում է նաև ռազմավարական ռմբակոծիչներին։ Ուստի հասկանալի է, թե ինչու է Արկտիկան այդքան կարևոր։ Այստեղ ամերիկացիները փորձում են ուշադրություն հրավիրել այն փաստին, որ իրենք չեն զիջում դիրքերը»,-կարծում է Վլադիմիր Բատյուկը։
Seawolf սուզանավը և նույն նախագծի Connecticut և Jimmy Carter նավերն ի սկզբանե՝ 1983թ․-ից, ստեղծվել էին իբրև հարվածային բազմաթիրախ ատոմային սուզանավեր, որոնք պետք է ամերիկյան խորջրյա ուժերի գլխավոր հենասյունը դառնային։
Սառը պատերազմի ավարտից հետո նախագծի ծախսերի ավելացումն ու բյուջեի կրճատումը ստիպեցին, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվեն այդ տիպի ևս 29 սուզանավ կառուցելու ծրագրից, և երեք սուզանավի գործարկումից հետո արտադրությունը փակվեց։ Հիմա Seawolf տիպի սուզանավերն օգտագործվում են հատուկ առաջադրանքների կատարման համար։
Հարվածներ ԴԱԻՇ–ին «Դոնի Ռոստով» սուզանավից. Շոյգուի զեկույցն ու հրթիռների արձակման կադրերը