Ռազմական համաժողով Երևանում. ՌԴ դեսպանը բացատրեց մասշտաբային միջոցառման նշանակությունը

«Բանակ-2020» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումների մի մասն առաջին անգամ անցկացվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Հայաստանում, որտեղ տեղակայված է 102–րդ ռազմակայանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն բազայում այսօր բաց դռների օր էր հայտարարվել «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում։

Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտոնյաների հետ

Հյուրերին ներկայացրին մարտավարական դրվագներ, որոնք իրականացրին կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմները:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ միջոցառումը Երևանում անցկացնելն իր համար խորհրդանշական և տրամաբանական է:

«Որքան ինձ հայտնի է, ռազմատեխնիկական համաժողովն առաջին անգամ է անցկացվում Ռուսաստանի սահմաններից դուրս։ Եվ որ այն կայացել է Հայաստանում, իմ համոզմամբ, շատ լավ է արտացոլում եղբայրական, դաշնակցային հարաբերությունների այն բնույթը, որը հիմնված է պատմական խոր ավանդույթների և այսօրվա բարդ աշխարհում մեր պետությունների ռազմավարական շահերի ընդհանրության վրա», — ասաց դիվանագետը։

Նրա խոսքով` Երևանում ռազմական համաժողովի կարևոր մասի անցկացումն արտացոլում է առանձնահատուկ ջերմ և եղբայրական մթնոլորտը, որը բնորոշ է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններին:

Նշենք, որ Հայաստանում համաժողովին մասնակցում են ավելի քան 40 միավորումներ և զորամասեր, ավելի քան 10 արդյունաբերական ձեռնարկություններ, գիտահետազոտական ինստիտուտներ և ուսումնական հաստատություններ: