«Խաղաղություն երեխաներին». Խաշթառակում ծեծված 4–ամյա փոքրիկը դուրս է գրվում հիվանդանոցից

Փոքրիկը, որին ծեծելու համար մեղադրանք է առաջադրվել պապին, արդեն կազդուրվել է. նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Խաշթառակում բռնության ենթարկված երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն

«Ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, նույնպես դուրս են գրվում հիվանդանոցից: Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն»,–հիշեցրել է Դերձյանը:

Նա առողջություն ու խաղաղություն է մաղթել բորլոր երեխաներին:

Հիշեցնենք` 2 օր առաջ մահացավ փոքրիկի 6–ամյա եղբայրը։ Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկի` 6-ամյա տղայի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Բացի այդ, հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել են Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման է ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։

Տավուշում ծեծված երեխաների 5 քույր–եղբայրները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։