ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն խնդիրը, որին այս տարի բախվեցին մեքենաների ներկրմամբ և ԵԱՏՄ տարածքում դրանց վերավաճառքով զբաղվողները։
2020թ. հունվարի 1-ից սկսած` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ներկրված ավտոմեքենաների համար կիրառվում են նոր` բարձրացված դուրքաչափեր։ Ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավել քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման ԱԱՀ-ն հաշվարկվում է արժեքի 10 տոկոսի չափով, 5-10 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 5 տոկոսի չափով։
Ռոբերտ Քոչարյանը վստահ է՝ դեռ նախորդ տարվա սեպտեմբերից պետությունը պետք է զգուշացներ ավտոներկրողներին սպասվող խնդրի մասին, որպեսզի արդյունքում չլիներ մի իրավիճակ, երբ մեծ թվով ներկրված ավտոմեքենաների կուտակում կա, որովհետև երկրի ներսում այդ քանակի մեքենաների պահանջարկ պարզապես չկա։
«Ոնց որ հիմա ասում են՝ դիմակ կրիր, դիմակ կրիր, այդպես էլ սեպտեմբերին՝ արդուկն էլ միացնեիր, պետք է իրազեկեր՝ պրոբլեմ է լինելու, պրոբլեմ է լինելու։ Ներկրողները հայտնի են, պետք էր նրանց հավաքել, հանդիպումներ, ժողովներ անցկացնել, իրազեկել։ Ոչինչ չարվեց»,- նշեց ՀՀ նախկին նախագահը։
Նա վստահ է, որ իրազեկում չարվեց հարկային եկամուտներից չզրկվելու համար։ Պնդում է՝ նման իրավիճակներում պետությունը պարտավոր է մարդկանց զգուշացնել սպասվող ռիսկերի մասին։
«Ի վերջո դու դրանից օգտվում ես, գումարներ ես գանձում, այդ գումարներով պարգևավճարներ ես բաժանում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Գողանում էին». Քոչարյանն ասաց` ինչու են «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը վաճառել Ռուսաստանին
Նա կարծում է, որ ամիսներ առաջ պետությունը պետք է սկսեր սահմանափակումներ կիրառել, որպեսզի նման իրավիճակ չստեղծվեր։ Նրա կարծիքով՝ եթե պետությունն իր այդ պարտականությունը չի արել, հիմա գոնե ավտոներկրողների հետ պետք է կիսի նրանց կորուստները կամ խնդրի համար լուծումներ գտնի։ Նա առաջարկում է, օրինակ, պայմանավորվածություններ ձեռքբերել գործընկեր այլ երկրների հետ։
Ո՞նց հավատանք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա. Ռոբերտ Քոչարյան