Ովքե՞ր և ինչի՞ համար են արժանացել Արմեն Սարգսյանի տիկնոջ հատուկ մրցանակներին

ՀՀ նախագահը վստահ է, եթե երեխան փոքր տարիքում չսիրի գիրքը, հետո դժվար է լինելու։ Նունե Սարգսյանն էլ վստահ է, որ անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել մանկապատանեկան գրականությանը վերաբերող մրցանակաբաշխությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Մանկական գրականությունն ինչ-որ իմաստով բոլոր գրականությունների մայրն է, քանի որ սերը գրքի նկատմամբ վաղ տարիքից է ձևավորվում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, եթե այդ տարիքում չսիրեն գիրքը, հետո դժվար է լինելու մանավանդ 21-րդ դարում, երբ գիրք չկարդալու համար հազար ու մի առիթ կա։

«Խելոք կմնաս, լա՞վ». ՀՀ նախագահի կինը ներկայացրել է իր և թոռնուհու գիրքը. լուսանկարներ

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երեկ նախագահական նստավայրում մանկապատանեկան գրականությանը վերաբերող մրցանակաբաշխություն է կայացել։ Դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «IBBY Հայաստանը», «Արևիկ» հրատարակչության և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ հայտարարվել էր մանկագիրների և նկարազարդողների մրցույթ։

Մրցույթի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ Հանրապետության նախագահի տիկնոջ՝ մանկագիր Նունե Սարգսյանի ներկայությամբ:

Բացի սահմանված մրցանակներից, տիկին Նունե Սարգսյանն էլ իր կողմից «Մանկապատանեկան արձակ» և «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգերում սահմանել էր երկու «Հատուկ մրցանակ»:

Հաղթողների պարգևատրման արարողությունն էլ տեղի է ունեցել երեկ նախագահական նստավայրում։

«Մրցանակաբաշխությունը, լինելով առաջինը, կարծում եմ` հաջող է անցել։ Շնորհավորում եմ և՛ կազմակերպիչներին, և՛ մասնակիցներին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել այս նախաձեռնությունը»,- ասել է ՀՀ նախագահը։

Հանրապետության նախագահի տիկնոջ հատուկ մրցանակներին են արժանացել «Մանկապատանեկան գրքի նկարազարդում» անվանակարգում՝ Լիլիթ Ալթունյանը, «Մանկապատանեկան արձակ» անվանակարգում՝ Աննա Ասլանյանը։

«Նկատեցի, որ երկուսդ էլ աշխատում եք երեխայի երևակայության վրա։ Եթե երեխան նստի հեռուստացույցի առջև և ֆիլմ դիտի, նրա երևակայությունը չի աշխատի։ Սակայն Լիլիթի նկարազարդումները մյուս երեխաների համար խթան կլինեն նույն կերպ աշխատելու համար։ Վերջերս այնքան շատ երեխաներ են ինձ ասել, որ ուզում են գրող դառնալ կամ ցանկանում են գիրք գրել։ Օրինակները շատ կարևոր են։ Աննան ստեղծում է հեքիաթներ խաղի միջոցով: Նրա պատմության մեջ խաղեր կան, որոնք նույնպես ազդում են երեխայի երևակայության վրա»,- շնորհավորելով հաղթողներին՝ ասել է Նունե Սարգսյանը։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը կարևորել է պետության աջակցությունը՝ շեշտելով, որ այս ոլորտին ուժեղ հիմք է պետք։

Զարմանալի անունով ու լավ գեներով աղջիկ. ո՞վ է Նունե Սարգսյանի գրքի համահեղինակը