Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հերոսին ըստ արժանվույն գնահատելը Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Քառօրյա պատերազմ. հիշում և խոնարհվում ենք

«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի: Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,–գրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք` կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։

Սենյակում դրված խորհրդավոր բալենին. ինչ կապ ունի ծառը կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ

Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով, իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, իսկ 2016 թվականի մայիսի 28-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Երկու պատերազմի միջով անցած ընտանիքը. ինչի մասին և ինչու են լռում հայր և որդի Ադամյանները