ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Վանաձորում հացկերույթն արյունոտ ավարտ է ունեցել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 47-ամյա տղամարդու կողմից ընկերոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 20-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Խնձորուտ փողոցի տներից մեկի ավտոտնակում, հարևանների հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչի և վերջինիս 45-ամյա ընկերոջ միջև: Վիճաբանության ընթացքում ընկերոջ կողմից 47-ամյա տղամարդու մոր հասցեին հայհոյանքներ տալու պատճառով, վերջինիս ապակյա շշով հարվածել է ընկերոջ գլխին՝ ջարդելով շիշը, որից հետո ձեռքին մնացած կոտրված շշի սուր եզրով դիտավորությամբ հարվածել է նրա դեմքին՝ տղամարդու առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ առաջացնելով դեմքի անջնջելի այլանդակում»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերուհիները որոշել են վրեժխնդիր լինել «նախկինից». 23-ամյա տղային փորձել են սպանել
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձորի 47-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Դատարանի դահլիճից փախուստի դիմած տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն