Սիրիահայ բժիշկը՝ «Ազգային հերոս». սրտաբան Հրայր Հովակիմյանին Հայրենիքի շքանշան շնորհվեց

Հայտնի սրտաբանը պարգևատրվել է նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ հայտնի բժիշկ, սրտաբան Հրայր Հովակիմյանը (Հագոպ (Հրայր) Հովագուիմիան) պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով։ Լուրը հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դեռ տարեսկզբին վաստակաշատ բժշկին նման բարձր պարգևի արժանացնելու խնդրանքով նախարար Արսեն Թորոսյանը դիմել էր վարչապետին։

Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել. ևս 199 զինծառայող պարգևատրվել են

«Նախարարը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանին մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար»,- տեղեկացնում են նախարարությունից։

Միշուստինը Սարգսյանին Ստոլիպինի շքանշան է հանձնել

Այսօր արդեն ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը պարգևատրել է բազմաթիվ կյանքեր փրկած բժշկին Հայրենիքի շքանշանով։

Հայրենիքի շքանշանը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց։

Ո՞վ է ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, ինչի համար է պարգևատրել

Նշենք, որ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1993 թ. նրա գլխավորությամբ հիմնադրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։
Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։ Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ է։ Արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում՝ Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով և այլն։