ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր որոշեց փոփոխություններ և լրացումներ անել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ կփոխհատուցվի գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացված ցանկացած տեսակի գույք:
Միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամ են դարձել (համապատասխանաբար՝ երեք, երկու և մեկ միլիոն դրամ աջակցություն):
Մահացածների ընտանիքներն էլ հինգ միլիոն դրամ միանվագ աջակցություն կստանան:
Աջակցությունը կգործի 38 բնակավայրերի (16 համայնք) մասշտաբով:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը