ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Րոպեներ առաջ փրկարարները Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեի շենքի փլատակների տակից դուրս են բերել 58–ամյա բնակչի դին։
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Ցավոք, ունենք մեկ զոհ»,- ասաց նա։
Մահացածի ինքնությունը հայտնի է. Ղազարյան Արթուր, 58 տարեկան։
Նրա մարմինը փրկարարները պատգարակով տեղափոխեցին շտապօգնության մեքենա։ Նախարարը մանրամասնեց նաև, թե ինչու էին փրկարարները լռություն խնդրում։ Ասում է՝ զանգահարում էին նրա հեռախոսահամարով, փորձում էին հեռախոսի ձայնով կողմնորոշվել, թե որտեղ է տղամարդը։ Սակայն հեռախոսը տղամարդուց բավականին հեռավորության վրա է հայտնաբերվել։
Նախարարի խոսքով՝ մահացած տղամարդը հավանաբար քնած է եղել, որովհետև փրկարարները ստիպված են եղել քանդել, հեռացնել մահճակալը, նոր միայն կարողացել են տղամարդու մարմինը դուրս բերել։
Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի
Եթե ավելի շուտ հայտնաբերվեր, արդյոք կյանքը հնարավոր կլիներ փրկել, թե ոչ՝ նախարարը կասկածում է։ Ասում է՝ մարմինն ամբողջովին փլատակներով էր ծածկված, դժվար թե հնարավոր լիներ փրկել։
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել էր քառահարկ պանելային շենքը, մասնավորապես՝ նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։
Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել։ ԱԻ նախարարի խոսքով՝ վերջնական պատասխանը կունենան միայն հետաքննության ավարտից հետո։
Գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության քննչական վարչությունը։