Փրկարարները դեպքի վայրում լռություն են խնդրում. փորձում են փլատակների տակ գտնել բնակչին

Փլուզված շենքի ուսումնասիրության համար ԱԻՆ փրկարարները նաև անօդաչու թռչող սարք են կիրառում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ԱԻՆ փրկարարները շարունակում են որոնել Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ մնացած բնակչին։ Նրանք արդեն երկրորդ անգամ է՝ դեպքի վայրում կատարյալ լռություն են հայտարարում՝ տեսնելու համար` արդյո՞ք փլատակների տակ մնացած քաղաքացին կարձագանքի իրենց։

Երևանի Ռայնիսի փողոցում պայթած շենքի փլատակների տակ 58–ամյա քաղաքացի կա

Առայժմ նրանց չի հաջողվում գտնել քաղաքացուն։ Հարևանների տեղեկություններով՝ փլատակների տակ մնացած քաղաքացին 54-ամյա տղամարդ է, անունն՝ Արայիկ կամ Արթուր։ Հաստատ չգիտեն, որովհետև շենքում նոր բնակիչ է, ապրում է փլուզված հատվածի երկրորդ հարկում։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլուզված շենքի ուսումնասիրության համար փրկարարները նաև անօդաչու թռչող սարք են կիրառում։

Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Հիշեցնենք՝ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 1 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել էր քառահարկ պանելային շենքը։ Վնասվել է 12 բնակարան։ Նախնական տվյալներով՝ 21 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի

Փլատակների տակից դուրս բերված երկու քաղաքացի հոսպիտալացվել են. առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տվյալներով՝ նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Պայթյունից փլուզված շենքի բնակիչներից մեկի մասին տեղեկություն չկա. ԱԻ նախարար

ԱՆ խոսնակի հաղորդմամբ՝ այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը պայթյունի վայրում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս քաղաքացիներին:

Դեպքի վայրում աշխատում են Sputnik Արմենիայի թղթակիցները։

Նրանց հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է հարևանությամբ գտնվող առանձնատան վրա։ Ուժգին պայթյունի ալիքը վնասել է նաև հարևան բնակելի շենքը։

Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ