Պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակիչը 41 տարեկան է. մանրամասներ

Երևանի Ռայնիսի 1 հասցեում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում 72 փրկարար ծառայող է աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Փլատակների տակից դուրս բերված երկու քաղաքացիներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա 41-ամյա Էդգար Մ.-ն է։

Փրկարարները դեպքի վայրում լռություն են խնդրում. փորձում են փլատակների տակ գտնել բնակչին

Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկություններով՝ տղամարդն ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին:

Տղամարդու հետ հոսպիտալացվել է նաև փլատակների տակից դուրս բերված 71-ամյա Ստետլանա Ս.-ն։ Կնոջ վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Նախնական տվյալներով՝ նա ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ, հետազոտումը շարունակվում է։

Իսկ փլուզված շենքի մոտ որոնողափրկարարական աշխատանքներն են շարունակում փրկարարները։ Նախանական տվյալներով՝ փլատակների տակ մնացած առնվազն մեկ բնակիչ կա։

Երևանի Ռայնիսի փողոցում պայթած շենքի փլատակների տակ 54–ամյա քաղաքացի կա

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի տեղեկություններով՝ դուրս բերված քաղաքացին 58 -ամյա տղամարդ է, շենքի երկրորդ հարկի բնակիչ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը ենթադրել էր, որ պայթյունի պահին բնակիչը քնած է եղել։

Քանաքեռ-Զեյթունում փլուզված շենքի փլատակներից փրկարարները դուրս են բերել երկու նորածնի

Նա փլատակների տակ է արդեն 5 ժամից ավելի, պայթյունը տեղի էր ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում։

Որոնողական աշխատանքներին մասնակցում է կինոլոգիական խումբ, դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։ Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել էր քառահարկ պանելային շենքը, մասնավորապես՝ նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։

Ինչ է կատարվում Երևանում պայթյունի վայրում. տեսանյութ

Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել։ ԱԻ նախարարի խոսքով՝ վերջնական պատասխանը կունենան միայն հետաքննության ավարտից հետո, նրա խոսքով` գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության քննչական վարչությունը։