Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել` անդրադառնալով կարևոր մի քանի թեմաների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը»,–հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Հուլիսյան մարտական գործողությունների օրերին Ռուսաստանում կայացել էր Լավրովի հետ աշխատանքային ճաշ, որին մասնակցել էին Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները։