Պայթյուն Երևանում. հայտնի է` որտեղ են կացարան տվել տուժած ընտանիքներին

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գրանցված պայթյունից հետո ժամանակավոր կացարանի կարիք ունեցող ընտանիքների հարցը լուծվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող ընտանիքների կացարանի հարցը լուծել է Երևանի քաղաքապետարանը։

«Բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում»,– նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Երևանի Ռայնիսի փողոցում գտնվող շենքերից մեկն այսօր` օգոստոսի 26-ին, պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է։ Կա մեկ զոհ։ Փրկարարները մոտ 6 ժամ աշխատանքներից հետո փլատակներից դուրս են բերել 58-ամյա Արթուր Ղազարյանի դին։

Եվս երկու բնակիչ հիվանդանոց են տեղափոխվել։ 71-ամյա Սվետլանա Սահակյանի վիճակը միջին ծանրության է, 41-ամյա Էդգար Մարգարյանինը` ծայրահեղ ծանրության։

Նշենք, որ պայթել է շենքի այն հատվածը, որում գլխավորապես խոհանոցներ ու պատշգամբներ են։ Դրա շնորհիվ մարդկային մեծ կորուստներ չեն եղել։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պայթյունից հետո Facebook–ում գրել էր, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։