ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ։
Գրիգորյանի խոսքով` անընդունելի է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի Հայաստանի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։
ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծ է որսացել
«Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Խաչատրյանին ահազանգելու համար։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»,–շեշտել է Գրիգորյանը։
Հիշեցնենք`Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում