ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել է «օրենքով գողի» կարգավիճակ ստացած, «Օշականցի Գևորիկ» մականունով Գ. Մ.-ն։ Տեղեկությունը հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ նա 2020 թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը:
Նույն քրեական գործի շրջանակներում բերման են ենթարկվել ևս 4 անձինք:
Բերման ենթարկվածներից 3-ը ՀՀ քրեադատավարական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 1-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշվում է նաև, որ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող Ա. Թ.-ն 2020 թ. փետրվարի 22-ի դրությամբ, շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2020 թ. փետրվարի 22-ից սկսած նաև ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում: Մասնավորապես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում «կարգուկանոն» պահպանելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, իսկ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելու համար՝ հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է նաև, այսպես կոչված, «օբշակի» գումարների հավաքագրումը և տնօրինումը:
Միաժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Ա.Թ.-ն, գտնվելով արգելանքի տակ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասի 30-րդ խցում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, մասնավորապես՝ իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է ՔԿՀ-ում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից, քրեակատարողական հիմնարկի այլ տեղամասերի «արտոնյալ» կալանավորների և դատապարտյալների հետ քննարկել է տվյալ տեղամասում վերահսկողությունը թուլացրած և կալանավորված անձանց շրջանում հեղինակությունը կորցրած այսպես կոչված մեկ այլ «զոն նայողին» պատժելու հարցը:
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ հայտնաբերելու նպատակով վերը նշված անձանց բնակարաններում հիշատակված քրեական գործերով կատարվել են ընդհանուր թվով 6 խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, վեճի առարկա հանդիսացող հողամասերի սեփականության իրավունքի գրանցման վկայագրեր, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ հանցավոր սխեմայում ներգրավված մասնակիցների կողմից այլ հանցավոր դրսևորումների առկայությունը պարզելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու, խափանելու ուղղությամբ: