Խաշթառակում բռնության ենթարկված երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն

Մեկ ընտանիքում ապրող երեխաներն իրարից չեն բաժանվի և բոլորը նույն հաստատություն կտեղափոխվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Վարչապետի խոսնակն անդրադարձել է Խաշթառակի դեպքին

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը` 6-ամյա տղան երեկ մահացավ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Բացի այդ, հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել են Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման է ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։

«Երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում»,–նշված է նախարարության Facebook սոցցանցի էջում։

Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է

Հիշեցնենք, որ Տավուշում ծեծի ենթարկված երկու երեխաները` 4 և 6 տարեկան տղաները, ապրում են բազմանդամ` 12 հոգանոց ընտանիքում, 2 սենյականոց փոքր տանը։ Երեխաների մայրը` Մարիաննա Հ.-ն, հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։ Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։

Ծեծված երեխաներից 4 տարեկան տղայի մոտ դրական փոփոխություն կա։