«Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում. Արշակյան

Այժմ ընթացքի մեջ են Ռուսաստանի փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են փոստային բազմաթիվ լոգիստիկ ծառայություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. «Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում։ Այսօր` օգոստոսի 26-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայփոստը» նոր ծառայություն է գործարկել. ինչպե՞ս է աշխատում «Հիբրիդ փոստը»

«Բացի Չինաստանում դուստր կազմակերպություն հիմնելու մտադրությունից, այժմ մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը։ Արդեն իսկ վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի հետ»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այժմ ընթացքի մեջ են Ռուսաստանի փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են փոստային բազմաթիվ լոգիստիկ ծառայություններ։ Մասնավորապես, խոսքը ներքին գների հիման վրա Հայաստան-Ռուսաստան միջանցքով փոստային փոխանակումների իրականացման մասին է, որն էականորեն կխթանի Հայաստանից–Ռուսաստան ծանրոցների, փաթեթների կամ փոքր բեռների առաքումը։

«Հայփոստը» Ռուսաստանի փոստի հետ համատեղ դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում

Արշակյանը հայտնեց` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ «Հայփոստը» թվայնացրել է կենսաթոշակային փոստային անկանխիկ վճարումների համակարգը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում բացվեց «Հայփոստի» նոր տիպի բաժանմունք: Այն ոչ միայն կթեթևացնի տեղի բնակիչների կյանքը վճարումների, հեռահաղորդակցման առումով, այլ նաև գյուղ կբերի լայնաշերտ ինտերնետ։