«2 երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզել Ադրբեջանում մնալ». մանրամասներ մոլորված սպայի մասին

Մարտունի քաղաքում, որտեղ ապրում է մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանը, բոլորն են հարգում և սիրում զինծառայողին։ Sputnik Արմենիային մանրամասներ են հայտնի դարձել նրա մասին, որոնք փաստում են` Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ Գուրգենին շատ լավ է ճանաչում, քանի որ նա ոչ միայն իր համայնքի բնակիչն է, այլև հարևանը։

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

ՀՀ ՊՆ–ն հայտնել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

«Գուրգենն ապրում է մոր, կնոջ և երեխաների հետ։ Մայրն ուսուցչուհի է, քոլեջում է դասավանդում։ Գուրգենը նաև քույր ունի, որն ամուսնացել, իր ընտանիքի հետ է ապրում։ Գուրգենն ինքը երկու աղջիկ ունի` 2 և 6 տարեկան։ Աղջիկներից մեկն այս տարի պիտի դպրոց հաճախի»,–ասաց Ավետիսյանը։

Նա պատմեց, որ Մարտունիում Ալավերդյանների ընտանիքը հարգված, սիրված է բոլորի կողմից։ Հաշտ ապրող, աշխատող ընտանիք են, սոցիալական խնդիր չունեն։

Ավելին, համայնքի ղեկավարի աղջիկն ու Գուրգենը նույն դասարանում են սովորել, և դասարանցիներն էլ միայն դրականը կարող են ասել նրա մասին։

Ադրբեջանում հայտնված հայ սպան պարտադրված տեքստ է կարդում. Տոնոյանը խոսել է Կասպրշիկի հետ

Նշենք, որ ադրբեջանական կողմն այսօր տեսագրություն է տարածել, որտեղ Գուրգեն Ալավերդյանը մի տեքստ է կարդում, թե ուզում է մնալ Ադրբեջանում։ Համայնքի ղեկավարն ասում է, որ Գուրգենը` որպես իր «աչքի առաջ» մեծացած տղա, չի կարող նման ցանկություն ունենալ։

Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին

«Անհնար է, բացառվում է, այդ ընտանիքից դուրս եկող նման բան չի ասի և նման ցանկություն չի ունենա։ Գուրգենը երկու երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզի մնալ Ադրբեջանում։ Նա ոչ մի պատճառ չունի այնտեղ մնալու, բոլորը գիտեն այդ մասին»,–ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր հայտնել էր` Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Ծավալված գործընթացը, ըստ Ստեփանյանի, անորակ ավանդական բեմադրություն է։

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ