Կովկասի բնության հիմնադրամը (CNF) շուրջ 87 000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։ Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելով բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կառավարման արդյունավետությունը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի փոխանցմամբ` նախկինում արգելոցի աշխատակիցների ու հարակից բնակավայրերի բնակիչների միջև կոնֆլիկտներ շատ էին լինում, բայց հիմա մարդիկ արդեն հասկացել են, որ այնտեղ իրականացվում է շատ լավ հսկողություն, ուստի կոնֆլիկտային իրավիճակներ չեն առաջանում։
«Բնության ու կենդանիների նկատմամբ ոտնձգություններ չեն իրականացվում։ Արդեն երրորդ տարին է, ինչ այնտեղ բնակվում է ընձառյուծը, ինչը ցույց է տալիս, որ կենդանին ունի կեր և որևէ հանգամանք նրան չի անհանգստացնում։ Սա լավագույն ապացույցն է, որ վերահսկողությունն իրականացվում է բարձր մակարդակով»,– նշում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Ընձառյուծն ինքնամեկուսացել է Խոսրովի անտառում. նոր լուսանկարի հումորային արձագանքները
Մանվելյանի դիտարկմամբ` այս տարվա եղանակային պայմանները բարենպաստ էին, արգելոցում շոգ չի եղել, ուստի հրդեհային ֆոնն էլ բարձր չէր։ Բացի դրանից, Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտացված կազմակերպությունների հետ հզորացրեց Խոսրովի արգելոցի կարողությունները, որտեղ արդեն կան հակահրդեհային սարքավորումներ ու մեքենաներ։
Անդրադառնալով այն խնդրին, որ բավական լուրջ է սահմանազատման հարցը արգելոցի հարևանությամբ գտնվող որոշ համայնքներում, քանի որ դրանց տարածքները սեպաձև մտած են արգելոցի տարածքի մեջ և անհրաժեշտ է դրանք լուծել մարզային կադաստրի հետ, Կարեն Մանվելյանը տեղեկացնում է, որ հարցը տակավին գտնվում է լուծման փուլում, որով անմիջականորեն զբաղվում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«Մենք մշակել էինք Խոսրովի արգելոցի կառավարման պլանը, սակայն հիմա այդ գործընթացը նույնպես կանգնած է։ Պլանը չի հաստատվում, մինչև չլինի սահմանազատման հարցի լուծումը»,– նշում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Խոսելով արգելոցին հատկացված դրամաշնորհների մասին, Կարեն Մանվելյանն ընդգծում է, որ նշված միջոցները հիմնականում ուղղվում են արգելոցի աշխատակիցների պարգևավճարների հատկացմանը, և քանի որ արգելոցի բյուջեն սուղ է, այդ միջոցներն ուղղվում են նաև գործնական ծախսերի իրականացմանը, տեխնիկա ու սարքավորումներ գնելուն։
Ըստ նրա` երբ ստեղծվեց Կովկասի բնության հիմնադրամը, այն ի սկզբանե իր առջև նպատակ դրեց նպաստել հատուկ նշանակության տարածքների պահպանմանը, ուստի ներդրումներ է կատարում Հայաստանում և Վրաստանում։