ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության օրերին ակտիվ մասնակցություն ունեցած մի շարք ռազմարդյունաբերողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Լուրը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Քիչ առաջ ստացա վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը»,- գրել է նախարարը։
Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ
Նա նաև տեղեկացրել է, որ ավելի վաղ մի շարք ընկերություններ շնորհակալագրեր էին ստացել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
«Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր հայրենիքի»,- հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով շուրջ 100 շենք-շինություններ են սկսել։ Դրանց վերականգնման աշխատանքները սկսվել են անմիջապես հրետակոծությունից հետո։