ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ցուցադրել է, թե ինչ է կատարվում Տավուշի մարզի Այգեպար գյուղում. նա նոր լուսանկարներ է հրապարակել Facebook–ում:
Հուլիսին ադրբեջանական կրակոցների հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ վնասվել էին: Լուսանկարներում երևում է, որ վնասված տանիքները վերանորոգվում են և փոխարինվում նորերով:
«Սահմանապահ Այգեպարը նոր շունչ, նոր գույն է ստանում»,–լուսանկարներին կից գրել է Պապիկյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ էր հրապարակել ու գրել, որ Այգեպար համայնքում շինարարական աշխատանքներ են ընթանում։
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաև հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,–նշել էր վարչապետը։
Նշենք, որ օգոստոսի 6–ին կառավարության նիստի ժամանակ Պապիկյանն ասել էր, որ Ադրբեջանի կողմից օրեր շարունակ հրետակոծության ենթարկված Տավուշի մարզի բնակավայրերի վերականգնման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 302 մլն 618 հազար դրամ։
Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերականգնվի Երևանի համայնքային միջոցներով
Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ Facebook-ի իր պաշտոնական էջում օգոստոսի 2–ին գրել էր, որ ակտիվորեն ընթանում են սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները։ Միաժամանակ սկսվել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատումը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։