Ռուսաստանը չի ցանկանում, որ Անդրկովկասում լարվածության աճ լինի. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով ՝ Մոսկվայում անհանգստությամբ են հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Անդրկովկասում լարվածություն լինի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Բաքվում ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան բախումները:

«Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին։ Եվ գիտենք դեպի մեր ռազմակայան իրականացվող թռիչքների հետ կապված տագնապների մասին։ Ուզում եմ միանգամից ասել` մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և ուղղված չեն Ադրբեջանի` մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ։ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Անդրկովկասում լարվածություն լինի», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում սոցիալական օբյեկտների շինարարություն է ընթանում, և ակտիվությունը դրա հետ է կապված։ Շոյգուն նշել է նաև զորակոչի գործընթացը, ինչը նույնպես փոխադրումների ծավալների աճի է հանգեցրել:

Ավելի վաղ Բաքվում հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Ըստ այդ հաղորդագրությունների` Ալիևն ասել է, որ հուլիսյան իրադարձություններից հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: