Փող կա, վերականգնող չկա. Նիկոլ Փաշինյանը հույսը չի կորցնում

ՀՀ վարչապետը հիշեցրել է իր հանձնարարականներից մեկը, որը վերաբերում է Սևան–Երևան ճանապարհին գտնվող երկու հուշարձաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Սևան-Երևան ճանապարհին գտնվող «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» քանդակների վերականգնման համար երկու մրցույթ է հայտարարվել, բայց երկուսն էլ չեն կայացել մասնակից չլինելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ: Դրանցից երկուսի՝ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» և «Արձագանքի» վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ: Հունիս և հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել մասնակից չլինելու պատճառով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Վարչապետը նշել է, որ երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել:

«Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ և հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլև տնտեսական»,– ընդգծել է նա։

Փաշինյանն ավելացրել է` կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաև նոր աշխատատեղեր:

Ի դեպ, Կոտայքի մարզպետարանն այս տարվա փետրվարի 25-ին հայտնել էր, որ քանդակների վերականգնման նախագծերի մրցույթում հաղթողներ եղել են, և հաղթող ընկերություններից «Ուրբան Յունիթի» նախագծով վերականգնվելու է «Արձագանքը», «Ակկուռատ գրուպի» նախագծով` «Ճանապարհաշինարարներ» քանդակը։ Մարզպետարանը նշել էր նաև, որ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանն ու ճարտարապետ Արա Ազիզյանը «Ճանապարհաշինարարներ» քանդակը վերականգնելու են «զրոյից»: Քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Կնոջ ֆիգուրից մոտ 20-25 տոկոս է պահպանվել։

«Արձագանքի» հեղինակը Խաչատուր Հակոբյանն է, «Ճանապարհաշինարարներինը»` Դավիթ Բեջանյանը։

Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով