Նախարարությունն արդեն 9 մլրդ դրամից ավելի գումար է ծախսել «կորոնավիրուսի վրա». մանրամասներ

Առողջապահության նախարարությունը հրապարակել է բացառապես ԱՆ–ի կատարած ծախսերը։ Ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ծախսվել է 9.381.975.858 դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես`

  • վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման համար` 2.258.676.043 դրամ
  • բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)` 144.116.000 դրամ
  • Covid-19-ի շրջանակներում բուժաշխատողների պարգևատրման համար` 760.948.184 դրամ
  • Ժամանակավոր մեկուսարանների պահպանման համար` 393.021.823 դրամ
  • Պաշտպանիչ միջոցներով հագեցվածության համար` 854.473.744 դրամ
  • Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն համար` 1.432.579.185 դրամ
  • Բժշկական սարքավորումներով հագեցվածությունն ապահովելու համար` 2.561.464.348 դրամ
  • Բժշկական կենտրոնների վերանորոգման համար` 776.334.303 դրամ
  • Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումները կազմել են 200.362.229 դրամ։

«Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետի խոսնակը հերքում է Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը

Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Հիշեցնենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 111–ով և դարձել 42936։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 մարդ, կատարվել է 196873 թեստ (+1299), առողջացել են վարակվածներից 36475–ը (+426)։ Գրանցվել է մահվան 858 (+4) դեպք։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է չորսով և հասել 260–ի։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի