Մոսկվայից Երևան 4 չարտերային չվերթ կիրականացվի

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի տոմսարկղերից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Առաջիկա օրերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից չարտերային չվերթեր կիրականացվեն դեպի Երևան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ բոլոր 4 չվերթերը կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Աերոֆլոտը» վերսկսում է Երևան-Մոսկվա չվերթերը. ովքե՞ր կարող են մեկնել

Մոսկվա-Երևան չարտերային չվերթերը կիրականացվեն օգոստոսի 28-ին (տեղական ժամանակով՝ 09:00-ին), օգոստոսի 29-ին (տեղական ժամանակով՝ 12:30-ին), օգոստոսի 30-ին և 31-ին (տեղական ժամանակով՝ 11:00-ին)։

«Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխատանքային ժամերը՝ 10։00-21։00-ը։ Տոմսի արժեքը՝ 14 հազար 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից քաղաքացիներին հորդորում են ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը:

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։

Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը:

Մոսկվա-Երևան չվերթի ժամի փոփոխություն է տեղի ունեցել

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։
Հայաստան մուտք գործող անձը (եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել) կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։