Դատապարտյալին ծեծելու հետքերով. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալին ծեծի ենթարկելու դեպքով գրություններ կուղարկի Գլխավոր դատախազություն և Արդարադատության նախարարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ածելիով ՔԿՀ–ի աշխատակիցներին վնասելու դեպքով հարուցվել է քրգործ. նոր մանրամասներ

Երեկ լուրեր տարածվեցին, որ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողները դատապարտյալի են ծեծել։ Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեկնաբանեց լուրը:

««Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների։ Քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները»,-Facebook-ի իր էջում գրել էր նա:

«Սևան» ՔԿՀ–ի տարածքում թմրամիջոցներով փաթեթ են հայտնաբերել. լուսանկարներ

Մարտիրոսյանը շեշտել էր, որ պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

«Ժամը 18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում: Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Տաքսու վարորդը «Արմավիր» ՔԿՀ մարիխուանա ու «շոկոլադկա» էր տարել. «հանձնուքը» տեղ չի հասել

Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ:

3–ի հետ էլ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը տեղի ունեցածի վերաբերյալ գրավոր դիմում է փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանին:

Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ:

Այցն ավարտվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդյունքները քիչ առաջ են ամփոփվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում:

Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ:

Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն:

Նշենք, որ ըստ «Հրապարակի»` քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, որոնց ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր և դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Իրավապահներն օգտվում են նրանից, որ այս դեպքում տուժողները չեն դիմում իրավապահներին և հրաժարվում են դիմում գրելուց: Հանցավոր աշխարհում իրավապահներին բողոքելը համարվում է ամոթալի երևույթ, որոշ դեպքերում՝ խարան: Ըստ թերթի` ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ:

Թռչող սարքն «Արթիկ» ՔԿՀ «Կինդեր» ձվիկ է հասցրել, բայց խաղալիքի փոխարեն թմրանյութ են գտել