Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է առողջապահության նախարարին արձակուրդ ուղարկելու որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 19 օր արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

«Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»,– գրված է որոշման մեջ:

Առողջապահության նախարարին այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք` երեկ լուր տարածվեց, թե Թորոսյանը հրաժարվելու է պաշտոնից. ենթադրությունների տեղիք էր տվել այն հանգամանքը, որ նախարարն ապաակտիվացրել էր ֆեյսբուքյան իր էջերը։ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց այդ լուրը։

«Իմ հանձնարարականին չի հետևել». Արայիկ Հարությունյանը պաշտոնյայի է ազատել աշխատանքից

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ 2 օր առաջ Թորոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը և ասել` դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։

Ըստ թերթի` տհաճ խոսակցություն է եղել վարչապետի և նախարարի միջև։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, և եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ պատժվելու։ Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել և այդ դեպրեսիայի պատճառով է նաև «ջնջվել» Facebook-ից: