«Աերոֆլոտը» վերսկսում է Երևան-Մոսկվա չվերթերը. ովքե՞ր կարող են մեկնել

«Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան ՊՇՌ հետազոտության տեղեկանք անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Երևան–Մոսկվա կանոնավոր ավիափոխադրումները վերսկսվում են։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 27-ից ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը շաբաթական 2 չվերթ կիրականացնի։ 

«Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան հինգշաբթի և շաբաթ օրերին իրականացվող չվերթերի տոմսերը կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, որոնք «Շերեմետևո» օդանավակայանից, որպես տարանցիկ օդանավակայան, կշարունակեն իրենց չվերթերը դեպի Լոս Անջելես, Շանհայ և եվրոպական երկրներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Օդանավակայանից հիշեցնում են՝ «Շերեմետևո» օդանավակայանով տարանցիկ երկիր ճանապարհորդելիս ուղևորները պետք է ունենան կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության տեղեկանք (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Ընդ որում` հետազոտությունը պետք է արված լինի մեկնելուց ոչ ավելի վաղ, քան 72 ժամ առաջ:

Մերձբալթյան երկրներում ՀՀ դեսպանն ասել է` երբ կմեկնարկեն Ռիգա-Երևան կանոնավոր չվերթերը

Այնուամենայնիվ, ցանկացած ուղղությամբ մեկնելիս ուղևորը պետք է ուսումնասիրի տվյալ երկրի մուտքի կանոնները, հետևաբար ունենա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Հիշեցնենք՝ այսուհետև Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Ուր են թռչելու ինքնաթիռներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում