Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ

Կայանի գեներատորները ստուգվել են, նաև պատրաստվել են լայնածավալ աշխատանքներին՝ ռեակտորի կորպուսի թրծմանն ու սառեցնող աշտարակի վերանորոգմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 2020 թվականի համար նախատեսված Մեծամորի ատոմակայանի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Տեղեկությունը նշված է «Ռոսատոմի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Կայանի հիմնանորոգումը կտևի մինչև 2021 թվականի վերջ, այդ պատճառով ծրագրային դադարները սովորականից երկար կլինեն։

ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին

Այս տարվա համար ծրագրված աշխատանքներն ավարտվել են ռեակտորների ու տուրբինների արտադրամասում, ուսումնասիրվել է ռեակտորի կառավարման ու պաշտպանության համակարգը, որի սարքավորումը նախորդ տարի փոխվել էր։ Բացի այդ, կայանում նոր տեղեկատվական-հաշվիչ համակարգ է մոնտաժվել։ Պատրաստվել են 2021 թվականին իրականացվող ծավալուն աշխատանքներին։ Մասնավորապես՝ ստուգվել են սարքերը, որոնց օգնությամբ գնահատվելու է ռեակտորի կորպուսի մետաղը։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս օրերին մետաղը ստուգելու համար սարքավորում են ներկրում։ Հոկտեմբերին Երևան կժամանեն ռուսական «Ատոմէներգորեմոնտ» («Ռոստաոմի» դուստր ընկերությունն է) մասնագետները․ նրանք կհավաքեն այդ սարքավորումն ու կկարգավորեն այն։ Մետաղի անմիջական փորձարկումները կանցկացվեն արդեն 2021 թվականին՝ նույնպես ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ։

Դրանց հետ կարելի է սկսել ռեակտորի կորպուսի վերանորոգումը։ Այդ նպատակով թրծում կիրականացնեն։ Արդյունքում՝ կայանի ծառայության ժամկետը կերկարացվի նաև 2026 թվականից հետո (նախկինում նշվել էր, որ դա ԱԷԿ-ի աշխատանքի վերջնաժամկետն է)։

«Միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի». Սարգսյանը` Ադրբեջանի սպառնալիքի մասին

Բացի այդ՝ կայանի ջրի սառեցման աշտարակի վերանորոգման պատրաստություն է իրականացվում։ Այն կիրականացվի ոչ թե ռուսական վարկով ու դրամաշնորհով (ինչպես վերանորոգման աշխատանքների մեծ մասը), այլ Հայաստանի բյուջետային միջոցներով։ Դա թույլ կտա ավելի արդյունավետ կերպով ջուրը կայանի տուրբիններ մատակարարել ու ավելի շատ էլեկտրականություն արտադրել։

Կայանի երկու գեներատորները (№3 ու №4) փոխարինվել են 2018-19 թվականներին։ Այս տարի №3 գեներատորի վրա ստուգում է իրականացվել, իսկ №4-ի վրա կիրականացվի 2021-ին։

«Հայկական ԱԷԿ-ի վերանորոգումն ավարտվել է ժամանակացույցով նախատեսված օրվանից 12 օր շուտ։ Դա հնարավոր դարձավ գործընթացի հստակ կազմակերպման․ ատոմակայանի անձնակազմի նպատակասլացության, նաև այս գործընթացում ներգրավված կազմակերպությունների հետ փոխըմբռնման ու արդյունավետ գործնական հարաբերությունների շնորհիվ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հայկական ԱԷԿ-ը կանգնեց պլանային վերանորոգման

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Հաշվի առնելով, որ նորոգման աշխատանքները նախատեսվածից երկար տևեցին (չավարտվեցին 2019թ․-ի վերջին, այլ կավարտվեն 2021-ին)՝ ՀՀ կառավարությունը դիմել է Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը՝ վարկային վճարումները մեկ տարով հետաձգելու խնդրանքով։

Կողմերը համաձայնության չեն եկել, այդ պատճառով հայկական կողմը որոշել է դադարեցնել վարկային գիծը․ աշխատանքի մնացած մասը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով։ Հունիսին կառավարությունն այդ նպատակի համար 63,2 միլիարդ դրամ է հատկացրել։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 2020-22 թվականներին։

Ինչպես երկարացնել հայկական ատոմակայանի կյանքը. փորձագետը նշում է գլխավոր հարցերը

Սակայն վերանորոգման գլխավոր կապալառու է մնում «ՌուսատոմՍերվիսը» (ռուսական Ռոսատոմ կորպորացիայի դուստր ընկերությունն է), իսկ սարքավորման ու աշխատանքի մրցույթները կանցկացվեն առանց երկրների սահմանափակման։

Ատոմակայանը սպառում է Հայաստանում օգտագործվող էլեկտրականության մոտ մեկ երրորդը։ Վերանորոգման արդյունքում կայանի արտադրողականությունը կաճի, նույն ծավալի վառելիքի դիմաց այն 10%-ով ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի։