ՔՊ–ն նիստ է հրավիրել. ՍԴ դատավորի թեկնածության հա՞րցն են քննարկելու

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ ուշանում է նիստից և հարցերին պատասխանել չի կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրն» այսօր նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ ուշանում է նիստից։

Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 207 000 դրամ. Փաշինյանը նոր գրառում է արել

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ վստահեցրեց, որ նիստի օրակարգը դեռ հայտնի չէ։

Դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ այսօր քննարկվելու է ՍԴ դատավորի նոր թեկնածության հարցը, Մակունցը պատասխանեց` օրակարգը կձևավորվի տեղում։

«Վարչապետի հետ հերթական հանդիպումն է լինելու։ Ամեն ամիս նման հանդիպում ենք ունենում»,–ասաց նա։

Հիշեցնենք` օգոստոսի 17–ին ՍԴ դատավորի կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտարարություն տարածեց` նշելով, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը` ոչ նպատակահարմար: Դրանից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ Էդգար Շաթիրյանն է կառավարության հնարավոր թեկնածուն։