Բայց ավելի քան 100 տարի առաջ նման բան եղել է՝ իտալացին, որը գողացել էր աշխարհի երևի թե ամենահայտնի ստեղծագործությունը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», պնդել է, որ դա արել է զուտ հայրենասիրական զգացմունքներից դրդված։
Ինչու եմ ասում՝ աշխարհի ամենահայտնի ստեղծագործությունը։ Ուղղակի էսպիսի տարածված երկընտրանքային հարցադրում կա՝ ենթադրենք, թե շենքում հրդեհ է և դուք հնարավորություն ունեք այդ շենքից դուրս բերել կամ «Ջոկոնդան», կամ կատվի ձագին: Երկուսին միասին չեք կարող փրկել. ո՞ր տարբերակը կնախընտրեք։
Համաձայնեք՝ բարդ հարց է, բայց այստեղ կարևորն այն է, որ նման հարցադրման հեղինակները ակնարկում են՝ «Մոնա Լիզա» կտավը համաշխարհային արժեք է։
Երկու վերապահում։ Նախ, Լեոնադո դա Վինչիի գործն ամենևին էլ կտավ չէ։ Նկարիչն այդ կնոջ պատկերը հավերժացրել է տախտակի վրա։ Ով է այդ կինը՝ մինչև հիմա ստույգ հայտնի չէ։ Ամենատարածված վարկածն այն է, որ իտալացի նկարիչը պատկերել է Ֆլորենցիայի հայտնի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը, որովհետև նկարի պաշտոնական անվանումը սա է՝ «Տիկին Լիզա դել Ջոկոնդոյի դիմանկարը»։
Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն
Բայց կա նաև մի անհավանական վարկած՝ այդ նկարում Լեոնարդո դա Վինչին պատկերել է ինքն իրեն՝ կանացի կերպարով։
Շատ հետաքրքիր պատմություններ կան այս նկարի հետ կապված։ Ժամանակին Նապոլեոն Բոնապարտն է այն փակցրել իր ննջարանի պատին, բայց ի վերջո վերադարձրել է թանգարան։ Տարիների ընթացքում ոմանք փորձել են ոչնչացնել կամ վնասել այն։ Քարեր են նետել, դանակով հարվածել, քիմիական թթու հեղուկ են լցրել։
Եվ, այնուամենայնիվ, նկարն էապես չի տուժել։ Այն տուժել է ժամանակից։ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն ընդամենը երկու անգամ է դուրս բերվել Լուվրից՝ 1963 թվականին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգներում, իսկ 1974 թվականին՝ Ճապոնիայում։ Սակայն երբ նկարի վրա ճաքեր հայտնաբերվեցին, Լուվրի ղեկավարությունը որոշեց՝ էլ երբեք այս նկարը մեր թանգարանից դուրս չի գա։
Եվ, վերջապես, այս ստեղծագործության հետ կապված երկրորդ հանգամանքի մասին։ Որոշ մասնագետներ պնդում են՝ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունը երբեք այսքան հայտնի չէր դառնա, եթե չլիներ Լուվրում աշխատող իտալացի Վինչենցո Պերուջին, որը հայելիների մասնագետ էր։ Պերուջին համոզված էր՝ Նապոլեոն առաջինը պարզապես ժամանակին գողացել է Իտալիայի սեփականություն հանդիսացող այս նկարը և բերել Ֆրանսիա։ Եվ ուրեմն, գլուխգործոցը պետք է վերադարձվի այն երկրին, որտեղ ստեղծվել է։
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները
Ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1911 թվականի օգոստոսի 21-ի գիշերը, Պերուջին թաքնվում է Լուվրի պահարաններից մեկում։ Լուսաբացին մոտ դուրս է գալիս պահարանից, վերցնում է նկարը, փաթաթում այն շորի մեջ և փախչում։
Հիմա կասեք՝ բայց մի՞թե այդքան հեշտ։ Այո, հիմա Լուվրի ղեկավարությունը նկարը պահպանելու համար մի քանի միլիոն եվրո է ծախսում, իսկ ապահովագրական գումարը ամենաբարձրն է ողջ աշխարհում՝ 3 միլիարդ դոլար։ Բայց այն ժամանակ՝ անցած դարի սկզբին, Պերուջիի գործը հեշտ էր։ Մանավանդ, որ հենց այդ օրերին Լուվրը փակ էր այցելուների համար, քանզի այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարվում։ Եվ պատկերացրեք՝ նկարի բացակայությունը հայտնաբերվել է միայն 24 ժամ անց։
Այս գողության հետևանքով «Մոնա Լիզան» շատ հայտնի դարձավ, որովհետև բոլոր առաջատար արևմտյան թերթերն իրենց առաջին էջերում տպագրեցին ստեղծագործության լուսանկարը։
Բոլորը վախենում էին, որ գողը կարող է պարզապես ոչնչացնել Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը։ Բայց երկու տարի անց Պերուջին նկարն առաջարկեց Ֆլորենցիայի պատկերասրահներից մեկին, սակայն ղեկավարությունը դիմեց ոստիկանությանը։ Պերուջիին դատեցին, իսկ «Մոնա Լիզան» վերադարձրեցին Լուվր։
Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը
Եղե՞լ եք Լուվրում։ Այնտեղ կա մի դահլիճ, որտեղ ցուցադրվում է միայն «Մոնա Լիզան»։ Երբ տարիներ առաջ մտա այդ սրահը, ինձ զարմացրեց տարօրինակ մի հանգամանք՝ տարբեր երկրներից եկած այցելուները մեջքով էին կանգնած Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցին։ Հետո միայն հասկացա՝ նրանք նկարվում էին հանրահայտ կտավի ֆոնին։ Այսինքն՝ այնքան կարևոր չի նկարը, որքան այն հանգամանքը, որ ես եղել եմ Լուվրում և տեսել եմ այդ ստեղծագործությունը։